Ավելի կոմպլեմենտար Հայաստան
«Այսօր սկսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստան։ Հետաքրքրական է, որ այն համընկավ Երևանում ՆԱՏՕ-ի շաբաթվա անցկացման հետ, ինչի կապակցությամբ Հայաստանի Ատլանտյան ընկերակցության տնօրեն Թևան Պողոսյանը մեզ տեղեկացրեց, թե դա սովորական միջոցառում է` ինֆորմացիոն թեքումով, ինչպիսիք Հյուսիսատլանտյան դաշինքն անցկացնում է բոլոր երկրներում, որոնց հետ ձևավորված են գործընկերային հարաբերություններ։ Մեկ շաբաթ շարունակ Երևանում կանցկացվեն մի քանի կոնֆերանսներ և սեմինարներ, պլանավորված է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ռոնալդ Ամուսի` ՆԱՏՕ-ին նվիրված հայտնի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, ուր ներկայացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործընթացը։ Այսպիսի ակցիաներ, ինչպես նշեց Թևան Պողոսյանը, կազմակերպվել են ԱՊՀ շատ երկրներում, այդ թվում և Ռուսաստանում։
Այսպես թե այնպես, երբ Հայաստանի նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, Երևանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունն ընդունեց ավելի ընդգծված բնույթ։ Մայիսի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվա, իսկ մի քանի օր անց եղավ Բրյուսելում։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին բանակցություններին Անատոլի Սերդյուկովի հետ նախորդել էին նրա հանդիպումները ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ` Բրյուսելում»,- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան պաշտոնական այցի սկիզբը այսպես է մեկնաբանել «Նեզավիսիմայա գազետան»։
Ովքե՞ր են դուրս մնալու...
Ընդդիմության հունիսի 20-ի հանրահավաքին մասնակցում էր նաև Ժիրայր Սէֆիլյանը, որն իր ելույթում անդրադառնալով համաժողովրդական շարժման գաղափարին, մասնավորապես նշեց, որ հարթակում կանգնած է Հայաստանի ապագա քաղաքական դաշտը, ընդ որում, թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը։
Ժիրայր Սէֆիլյանից հետաքրքրվեցինք, թե այսօրվա համախոհ արմատական ընդդիմադիր ուժերից կոնկրետ ո՞ւմ նկատի ուներ` ապագա ընդդիմություն ասելով։ Ժիրայր Սէֆիլյանը պարզաբանեց. «Կարծում եմ, որ այսօր Հայաստանում քաղաքական դաշտ գոյություն չունի։ Իշխանափոխությունից հետո պետք է քաղաքական նոր դաշտ ձևավորվի, և, իմ պատկերացմամբ, հենց այդ ուժերն էլ կանգնած էին հարթակում»։ Ըստ պարոն Սէֆիլյանի, այն քաղաքական գործիչներն էլ, ովքեր ունեն քաղաքական տարբեր հայացքներ, կձևավորեն ապագա քաղաքական դաշտը։ «Այսօրվա կոալիցիային մաս կազմող ուժերն ապագա հեռանկարային քաղաքականություն չեն կարող մշակել, և այդ մարդիկ դուրս են մնալու դաշտից»,- եզրափակեց Ժիրայր Սէֆիլյանը։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ղեկավարել է օլիգարխ-պատգամավորի նախընտրական շտաբը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատված Կարեն Մաթևոսյանին փոխարինել է Արթուր Աֆրիկյանը։ Նա երկրորդ սերնդի բարեփոխումների շրջանակում կոմիտեի նախագահի պաշտոնից ազատված Արմեն Ավետիսյանի մերձավոր շրջապատից է և վերջինիս պաշտոնավարման ընթացքում եղել է նրա աշխատակազմի ղեկավարը։ Հավելենք, որ մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է հարկային համակարգում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Սակայն Արթուր Աֆրիկյանի կենսագրության ամենահետաքրքիր էջերից մեկն այն է, որ լինելով մաքսայինի աշխատակազմի ղեկավար, 2003-ի խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես գլխավորել է օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբը, իմա` եղել է նրա շտաբի պետը։
Վ. Մ.
Կոլոմբիեն փորձում է մեղմել
Երեկ Եվրախորհրդի Հայաստանի հարցով համազեկուցող, ֆրանսիացի պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն փորձել է մեղմել իր գործընկեր Ջոն Պրեսկոտի հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների կատարման ուղղությամբ։
«ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ արձագանքել քաղաքական կալանավորների հարցին այն առումով, որպեսզի կալանքի տակ մնան այն անձինք, որոնք քրեական հանցագործություններ են կատարել»,- հայտարարել է Կոլոմբիեն «Ազատություն» ռադիոկայանին և միաժամանակ ընդգծել, թե Հայաստանի նկատմամբ ԵԽԽՎ-ի կողմից կոշտ պատժամիջոցների կիրառումը Երևանին ժողովրդավարության ուղի վերադարձնելու լավագույն ձևը չէ։ Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են արձանագրել` օրենսդրական փոփոխությունների իրականացման ուղղությամբ։
Անդրադառնալով Հայաստանին ԵԽԽՎ-ում ձայնից զրկելու հնարավորությանը` համազեկուցողը մասնավորապես նշել է. «Եվրախորհրդի կողմից պատժամիջոցների կիրառումն ինքնաբերաբար չի ազատի բոլոր կալանավորվածներին։ Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը ժողովրդավարության ընդամենը 16 տարվա փորձ ունի։ Մենք կարող ենք տեսնել, որ նույնիսկ ժողովրդավարության մեծ փորձ ունեցող պետություններում, օրինակ, Ֆրանսիայում, որ 200 տարվա հանրապետություն է, երբեմն հարկադրված ենք դարձյալ իրականացնել բարենորոգումներ»։
Ո՞րն է պատճառը
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր «Իրավունք de facto»-ն, Արամ Կարապետյանին պաշտոնապես թույլատրվել էր մեկնել Մոսկվա` համալիր հետազոտության։ Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշված է, թե «անցած մի քանի օրերի ընթացքում Արամ Կարապետյանը ենթարկվել է համակողմանի բժշկական հետազոտության, ինչի արդյունքում անակնկալ կերպով ի հայտ են եկել ՆԺԿ նախագահի առողջական վիճակի հետ կապված որոշակի խնդիրներ։ Հավելենք, որ վեց ամիս առաջ Արամ Կարապետյանը Մոսկվայում ենթարկվել է համակողմանի բժշկական հետազոտության, ինչն արձանագրել է նրա լավ առողջական վիճակը»։ Առակը զի՞նչ ցուցանե... որ բանտում ինչ-ինչ ներգործություն է կատարվել պարոն Կարապետյանի վրա՞։ Ի պատասխան մեր հարցադրման` ՆԺԿ մամուլի քարտուղար Մանվել Մարգարյանը փաստեց, թե Արամ Կարապետյանի առողջական վիճակին առնչվող պարբերական պարզաբանումներ կտրվեն մամուլին, երբ դա անհրաժեշտ կհամարվի։
Ղարաբաղի հարցը հասավ Խանտի-Մանսիյսկ
Երեկ Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կընդգրկվի Ռուսաստան-Եվրամիություն հերթական գագաթաժողովի օրակարգում, որը տեղի կունենա հուլիսի 26-27-ը, Խանտի-Մանսիյսկում, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը։ «Եվրամիությունը չի թաքցնում հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների կարգավորմանը միանալու և ակտիվորեն ներգործելու իր ձգտումը»,- նշել է Չիժովը, միաժամանակ ընդգծելով, թե Ռուսաստանը պատրաստ է այդ հարցերը քննարկել միայն այն համատեքստում, որ չխաթարվեն հակամարտությունների կարգավորման այսօր գործող բանակցային ֆորմատները։
«Եթե խոսենք Լեռնային Ղարաբաղի մասին, ապա կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը նշանակում է եռանախագահություն, որտեղ Եվրամիությունը ներկայացված է Ֆրանսիայի մասնակցությամբ։ Գոյություն ունեն նաև վրաց-աբխազական և վրաց-հարավօսեթական հակամարտությունների կարգավորման ֆորմատներ, և այդ թեման մենք քննարկելու ենք միայն այդ համատեքստում»,- հայտարարել է Չիժովը։
Խորհրդավոր այց
Երեկ, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերը, որը Պետդեպարտամենտում զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և աշխատանքի հարցերով։ Նախատեսված են Կրամերի հանդիպումները, սակայն չի նշվում` ինչպիսի՞ն է լինելու դրանց շրջանակը, թեպետ սկզբունքորեն կանխատեսելի է, թե հիմնականում ինչ հարցեր կդառնան քննարկման առարկա։ Կրամերը Հայաստանում կմնա 2-3 օր։ Այսօր նախատեսված է նրա մամուլի ասուլիսը։ Ըստ ամենայնի, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջադրելու է քաղբանտարկյալների ազատման խնդիրը, փոխարենը, ամենայն հավանականությամբ, խոստանալով ազդել Եվրոպական կառույցների դիրքորոշումների վրա, որպեսզի մեղմացվեն հնարավոր ճնշումները։ Ենթադրվում է նաև, որ ինչ-ինչ հստակեցումներ կպահանջվեն ՀՀ նոր իշխանություններից` աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցերում։
Եթե Ռուսաստանը հեռանա Անդրկովկասից, այլևս երբեք չի վերադառնա
Երեկ այսպիսի կարծիք է հայտնել «Ռեգնում» գործակալությանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Զախարովը։ Հայաստանի նախագահի` Մոսկվա պաշտոնական այցի կապակցությամբ նա մասնավորապես նշել է. «Ռուսաստանի և Հայաստանի նախագահների այս նոր հանդիպումը կծառայի մեր երկու պետությունների մերձեցմանը և ինտեգրացիային։ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ոչ միայն Դմիտրի Մեդվեդևին, այլև Վլադիմիր Պուտինին, Բորիս Գրիզլովին, Սերգեյ Միրոնովին։ Այսինքն` իշխանության բոլոր թևերի ղեկավարներին, և բոլորը հուսով են, որ այդ հանդիպումները նպատակադրված կլինեն Ռուսաստանի և Հայաստանի հետագա մերձեցմանը։ Նախագահի կարգավիճակով Սերժ Սարգսյանի առաջին այցը Մոսկվա տեղի ունեցավ ընտրություններում նրա հաղթանակից անմիջապես հետո` այս տարվա մարտի 26-27-ին։ Այն ժամանակ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինն էր, և նրանք քննարկեցին բազմաթիվ հարցեր, որոնք անհրաժեշտ էր համակարգել։ Պուտինը հայտարարեց, որ ռուս-հայկական հարաբերություններում ձևավորված բազիսը կպահպանվի` հետագա զարգացման համար։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այս այցը կլինի այդ ուղեգծի շարունակությունը։
Օրակարգում բազմաթիվ պրոբլեմներ կան, այդ թվում` հայկական ԱԷԿ-ի պահպանման հետ կապված Ռուսաստանի աջակցության հարցը։ Անկասկած, կշոշափվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ավելի լավ ծանոթանալ Ռուսաստանի դիրքորոշմանը։ Բայց բոլորը հուսով են, որ երկու նոր նախագահների հանդիպումն առաջին հերթին ուղղված կլինի երկու երկրների հետագա ինտեգրացիայի ուղեգծի մշակմանը, քանի որ երկու պետություններն էլ շահագրգիռ են դրանում։ Հավանական է, որ Հայաստանի նախագահի այցի շրջանակներում քննարկվեն բազմաթիվ տնտեսական և սոցիալ-քաղաքական հարցեր, որոնց թվում կան երկար ժամանակի կտրվածքով հրատապ խնդիրներ։ Օրինակ, հայկական երկաթուղու վերագործարկման հարցը։ Հայաստանն արդեն վաղուց տնտեսական շրջափակման մեջ է, հասկանալի է, որ այդ իրավիճակի հրատապ լուծում երկու օրում ապահովել հնարավոր չէ։ Բայց այստեղ սպասելի է ինչ-որ նոր պայմանավորվածությունների ձեռքբերում, որոնց մասին հայտնի կդառնա ամենամոտ ժամանակներս»։
Ռուս քաղաքագետը նաև իր դիտարկումն է ներկայացրել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետագա պահվածքի առումով։ «Մեզ մոտ որոշակի և անհասկանալի լռություն կա Երևանի նկատմամբ։ Որոշ ռուսական քաղաքական գործիչներ միամտորեն կարծում են, որ եթե Ռուսաստանը փրկել է Հայաստանին օսմանյան լծից, ապա այդ երկիրը մեր հավերժ ընկերն ու բարեկամն է։ Բայց Հայաստանում այդ պատմական փաստը շատերն այսօր մոռացության են տալիս։ Այնտեղ ակտիվ աշխատում է ԱՄՆ-ը, որը բաց չի թողնում ոչ մի օր, որպեսզի ստեղծվեն նոր կառույցներ, և ձեռք բերվեն նոր կողմնակիցներ։ Հայաստանի քաղաքական և բիզնես ընկերակցությունն այլևս բոլորովին էլ միատարր չէ և միանշանակ դրական չի տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Այնտեղ շատերը համարում են, որ Հայաստանն իզուր է խճճվել ղարաբաղյան հակամարտության մեջ, որը միայն հավելյալ միջոցներ է խլում։ Որքան էլ ինձնից նեղանան որոշ ռուս քաղաքական գործիչներ, կրկին ուզում եմ շեշտել, որ եթե Ռուսաստանը հեռանա Հայաստանից, այլևս երբեք Անդրկովկաս չի վերադառնա»։
Վ. Մ.